Քաղաքական 17:08 21/02/2017 Հայաստան

Դժվար որոշում էր. Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն»-ից հեռանալու մասին

«Այս  պահի դրությամբ  դեռ հստակ որոշում չունեմ, թե ինչով պետք է զբաղվեմ, բայց միանշանակ է, որ անմասն չեմ մնալու քաղաքականությունից»,-«Ազատություն»  ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո ինչո՞վ եք զբաղվելու:

Նա նշեց, որ հանրությանը կտեղեկացնի, թե ինչով է շարունակելու զբաղվել: Զ. Փոստանջյանը հստակ չպատասխանեց հարցին, թե շարունակելո՞ւ է զբաղվելու փաստաբանությամբ:

Օգտատերերից մեկն առաջարկեց Զ. Փոստանջյանին միանալ ՀՅԴ-ին: Նա ասաց. «Գիտեք, դժվար է  միանալ: Նախ կարիքը չեմ գտնում միանալ որևէ միավորի: Ի սկզբանե ասել եմ, որ մենք ունենք մեր տեսլականը, պատկերացումները, որոնք շարունակում են մնալ, չնայած նրան, որ  այն կուսակցությունը, որին ես անդամակցում էի, այլևս դադարել է կրել այդ արժեքային համակարգը: Ես այդ գաղափարների համար, իհարկե, շարունակելու եմ պայքար տանել»:

Նա նաև ասաց, որ պետք չէ արհեստական, չհավասարակշռված քայլեր անել: Հարցին, հավանակա՞ն է ձեզ տեսնել «Ելք»-ի կողքին, նախկին ժառանգականը նշեց.  «Արդեն իմ որոշումը հրապարակել եմ»: 

Հիշեցնենք, որ նախօրին Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցության անդամակցության դադարեցման մասին:

Պատասխանելով հարցին, թե դժվա՞ր էր նման որոշում կայացնելը, Զ. Փոստանջյանն ասաց. «Դժվար որոշում էր, այդ որոշումը կայացնելու համար, իհարկե, կային հիմքեր, այդ հիմքերը հիմնականում վերաբերում էին այն ճանապարհին, որ անցել է «Ժառանգությունը» և  այսօր կուսակցությունը փաստացի մերժում է իր անցած ուղին, արժեքային համակարգը: Այդ դեպքում պետք է կայացնեի մի որոշում, որը վերաբերվելու էր նաև իմ պայքարի ընկերներին: Շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնելը:  Տխուր է, որ  ես պարտավորված էի կայացնել այդպիսի որոշում»:

Հարցին, թե ինչպիսի՞ն էր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը այս որոշման հետ կապված, Զ. Փոստանջյանն ասաց. «Չունեմ որևէ արձագանք: Արձագանքը,  կարծում եմ, այն էր, որ նա ցանկանում էր, հավանաբար, որ նման որոշում լիներ»:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ կապ ունի ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին, նա ասաց. «Այնքան կապ ունի, որ ինքը եղել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, իսկ մարտի 1-ի դեպքերը  դրանք լայնածավալ դեպքեր էին, որոնք կապված էին մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ, որոնք ոչ միայն սպանությունների էին, նաև խոսքի ազատությունը, ընտրակեղծարարությունը, բռնությունները, զանգվածային  ձերբակալությունները, կալանավորումները: Այդ ժամանակ լինելով  բարձրաստիճան պետական պաշտոնյա և այդ ամենը տեսնելով ու  այդ մասին չբարձաձայնելով,  իհարկե, նաև ունես կապ, մեղքի բաժին»:

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժին եք տալու ձեր ձայնը, Զ. Փոստանջյանն ասաց. «Այս պահին չունեմ կողմնորոշում»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}