Ժարդիմ. «Անհրաժեշտ է խնդիրներ ստեղծել «Սիթիի» համար, ճնշում գործադրել»
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպման մասին։
«Վերջին 3 մրցաշրջանում մեր կազմը նկատելիորեն փոխվել է, բայց մենք, միևնույն է, երկրորդ անգամ հասել ենք 1/8 եզրափակիչ։ Շատ լավ է, քանզի դա ապացուցում է, որ վերադասավորումները մեզ չեն խանգարել՝ մնալու բարձր մակարդակի վրա,- Ժարդիմի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- 2-3 ֆուտբոլիստ է մնացել այն կազմից, որը 3 տարի առաջ պայքարում էր «Արսենալի» դեմ։ Մենք շեշտը դրեցինք երիտասարդության վրա, և այն առայժմ արդարացնում է իրեն։
«Մանչեսթեր Սիթին» հիանալի է պաշտպանությունից հարձակման անցնում։ Երբ նրանք առաջ են գնում, միանգամից 5 ֆուտբոլիստներ հայտնվում են հարձակվողի դերում։ Մեր մրցակիցը նաև լավ է պաշտպանվում։ Անհրաժեշտ է խնդիրներ ստեղծել «Սիթիի» համար, ճնշում գործադրել։ Լավ ենք ուսումնասիրել այդ թիմի խաղաոճը»։
Ավելացնենք, որ «քաղաքաբնակների» ու «Մոնակոյի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, Մանչեսթերում։