Մեսսին վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնի» ղեկավարությանը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին չափազանց դժգոհ է իր երեք թիմակիցների՝ պաշտպաններ Ժերեմի Մաթյեի ու Լուկաս Դինի, ինչպես նաև կիսապաշտպան Անդրե Գոմեշի խաղից։
Ակումբի հետ Մեսսիի պայմանագրի երկարաձգման պատմությունն սկսվել է աշնանից։ Երբ թվում էր, թե գործարքն արդեն համաձայնեցված է, կատալոնյան ակումբի ղեկավարությունն արգենտինացու խնդրանքով նրան ժամանակ հատկացրեց մտածելու համար։
Այդ ժամանակից «Բարսելոնի» ղեկավարներն ու ֆուտբոլիստները մեկ անգամ չեն վստահություն հայտնել, որ թիմի առաջատարն անպայման իր ստորագրությունը կդնի նոր համաձայնագրի տակ, սակայն մինչ օրս գործարքը չի ձևակերպվել։
Այժմ, ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Լեոն նոր վերջնագիր է ներկայացրել ակումբին։ Արգենտինացին համաձայն է պայմանագիրը երկարաձգել միայն այն դեպքում, եթե «Բարսելոնը» հրաժեշտ տա պաշտպաններ Ժերեմի Մաթյեին, Լուկաս Դինին և կիսապաշտպան Անդրե Գոմեշին։ Բացի այդ, Մեսսին դժգոհ է նաև թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեից։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Բարսելոնը» պարզապես խայտառակվեց Ֆրանսիայում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով զիջելով ՊՍԺ-ին։