Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է. այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է
Այսօր մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է: Հայրենիքի պաշտպանը դարձավ 34 տարեկան:
«Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Սարգիս Ստեփանյանը:
2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել հայ դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինվոր էր մնացել: Չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելու ժամանակ էլ Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը:
«Հայ զինվորի» հետ զրույցում Սարգիսը պատմել է. «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում, իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»:
Սարգիսը չհանձնվեց, վիրավորումից ամիսներ անց սկսեց ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: Մոտ մեկուկես տարի մարզվելուց հետո, 2016թ-ին Բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պատրաստվում է մասնակցել նաև Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը: Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով:
Այսօր Սարգիս Ստեփանյանը վերադարձել է Զինված ուժեր, ծառայել և ծառայում է հայրենքին:
Լուսանկարները՝ Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան