Տիտե. «Ժեզուսի առաջընթացը Գվարդիոլայի վաստակը չէ»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի առաջընթացը միայն «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վաստակը չէ։ Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասից» անգլիական ակումբ է տեղափոխվել 2017 թ. ձմռանը։
«Ժեզուսի համառությունն ու մարզումների ընթացքում կատարած աշխատանքն արժանի են ամենաբարձր գնահատականի։ Ժեզուսն իսկական անհատականություն է ու հրաշալի մարդ։ Կարծում եմ՝ անարդար է ասել, որ Գաբրիելի գերազանց խաղն ու առաջընթացը Գվարդիոլայի վաստակն է։ Շատ մասնագետներ են օգնել, որպեսզի նա բացահայտվի, հատկապես՝ «Պալմեյրասում» ելույթների տարիներին։ Իսկ Գվարդիոլան հիմա քաղում է ուրիշ մարզիչների աշխատանքի պտուղները»,- Տիտեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։