Հրայր Սիմոնյանը մրցաշարն ավարտել է լավագույն տասնյակում
Իրանում ավարտվել է շախմատի «Ֆիրդուսի գավաթի» 7-րդ խաղարկությունը: Մրցաշարի վերջին տուրի խաղում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Սիմոնյանը հաղթանակ է տոնել, իսկ Հովհաննես Գաբուզյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, «Ֆիրդուսի գավաթի» խաղարկության հաղթող է դարձել Իրանը ներկայացնող Իդանի Պույան, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Մաքսիմ Չիգաևը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Գիգա Քուփարաձեն, նույնպես 9 միավորով, եզրափակել է լավագույն եռյակը:
Հրայր Սիմոնյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և միայն կես միավորով է հետ մնացել մրցաշարի հաղթողից: Նա կիսել է 5-11-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել 9-րդ հորիզոնականում: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 7.5 միավոր և գրավել 21-րդ հորիզոնականը: