Կվերանայվեն ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն անցկացրել է քննարկում՝ ֆիզիկական կուլտուրայի մասսայականացման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, քննարկմանը մասնակցել են նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերին, այլև պարտադիր անցկացնել արտադասարանական մարզական պարապմունքներ, որոնց խոչընդոտում են տարատեսակ արևելյան մարտարվեստների խմբակները: Մեր նախարարությունը սկսել է դրանց գործունեության կարոնակարգման գործընթացը»,- ասել է Ղազարյանը:
Ծրագրերի իրագործման արդյունավետությանը կնպաստեն միջգերատեսչական հանձնաժողովի՝ հանրակրթական դպրոցների մարզադահլիճների և մարզական գույքի արդեն իսկ կատարած գույքագրումը և դրա արդյունքների վերլուծությունը: Նմանատիպ հետազոտություններ իրականացվելու են նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ուսումնական ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման նպատակով կոնտրետ ծրագրեր ներկայացնելու համար: