«Աերոֆլոտ Օփենի» մեկնարկային տուրը հաջող էր Սերգեյ Մովսեսյանի համար
Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Ավանդաբար մրցաշարի մասնակիցների թվում շատ են Հայաստանի ներկայացուցիչները, իսկ փառատոնի գլխավոր` «A» խմբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը, աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, «Աերոֆլոտ Օփենի» մեկնարկային տուրում Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ է տոնել, Տիգրան Հարությունյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը պարտություններ են կրել:
«B» խմբում Հայաստանն ունի 14 պատվիրակ: Առաջին տուրում մեր մասնակիցներից հաղթանակներ են տոնել Տիգրան Քոթանջյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
«C» խմբում հանդես եկող Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը` Արթուր Ղարագյոզյանն ու Ազատ Թավաքալյանը, հաղթել են իրենց մրցակիցներին, իսկ Վահե Դանիելյանն ու Արփինե Գրիգորյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: