«Human rights watch». Հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ընդհանրապես դպրոց չեն գնում Հայաստանում
«Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ լավ կրթություն չեն ստանում Հայաստանում։ Որոշ երեխաներ ընդհանրապես դպրոց չեն գնում»:
Ասված է «Human rights watch»-ի 2016 թ. «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով նոր զեկույցում, որն այսօր Երևանում ներկայացրեցին «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան և «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն, զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիան:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտներին հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանի 8 քաղաքներում և իր մեջ ներառում է հանձնարարականներ` ուղղված Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին:
Ջեյն Բուխանան ասաց, որ իրենք ուսումնասիրություններ են անցկացրել Երևանում, Կապանում, Գորիսում, Արմավիրում, Ճամբարակում, Հացիկում, Վանաձորում, Գյումրիում: Նրանք զրուցել են երեխաների ու նրանց ծնողների հետ:
«Մենք արել ենք այս ուսումնասիրությունը՝ պարզելու, արդյոք կա՞ առաջընթաց և ո՞րն է այն բացը, որի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի կառավարությունը»,-ասաց նա:
Զեկույցի հեղինակները նշում են, որ հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ գնում են նույն դպրոցը, ինչ մյուս երեխաները։ Բայց նրանք հաճախ վատ կրթություն են ստանում այնտեղ։
«Շատ դպրոցների շենքերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նրանց համար դժվար կլինի հասնել օրինակ զուգարաններ, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ դպրոցում չեն ստանում այն օգնությունը, որն իրենց պետք է: Այդ պատճառով նրանք ստիպված են լինում միշտ տանը մնալ»,-ասված է զեկույցում:
Հեղինակներն ընդգծում են՝ կառավարությունը քայլեր ձեռնարկում է, բայց դրանք բավարար չեն:
«Հայաստանի ղեկավարությունը պետք է այնպես անի, որ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները կարողանան լավ ուսում ստանալ, սովորել մյուս երեխաների հետ միասին: Հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու համար պետք է լինեն բավարար թվով ուսուցիչներ և աշխատակիցներ»: