Մեկնարկային օրվա արդյունքներով պայքարը շարունակում է միայն Հովհաննես Բաչկովը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած հայաստանցի բռնցքամարտիկներից միայն մեկին է հաջողվել հաղթանակ տոնել: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի մարզիկին, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանը պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին:
Նշենք, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:
Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: