Amnesty International. Հուլիսին ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու համար
«Հուլիսին ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել Երևանում տեղի ունեցող հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու համար: Հարյուրավոր մարդիկ կամայականորեն ձերբակալվել են: Շատերը հայտնել են, որ վնասվածքներ են ստացել, ծեծի ենթարկվել կամ ձերբակալության ժամանակ ենթարկվել են դաժան վերաբերմունքի»,-ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2016-2017 թվականների զեկույցում. Կազմակերպության ամենամյա զեկույցն անդրադարձել է աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին 2016թ-ի ընթացքում:
Ինչպես կազմակերպությունը նշում է զեկույցի՝ Հայաստանին վերաբերվող հատվածում, 2016թ-ը նշանավորվել է տնտեսական և քաղաքական անկայունությամբ և անվտանգության շուրջ աճող մտավախություններով, որը կապված էր Լեռնային Ղարաբաղում ապրիլ ամսին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական առճակատման հետ:
Զեկույցում նշվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, որ իր գլխավորած կառավարությանը չի հաջողվել հաղթահարել տնտեսական և քաղաքական մարտահրավերները, ինչից հետո՝ սեպտեմբերի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ նշանակեց:
Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվել հուլիսյան իրադարձություններին՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելուն՝ նշելով, որ հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել Ազատության հրապարակում զինյալներին աջակցելու և նրանց հետ մասին պահանջելու, որպեսզի ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանը ազատ արձակվի, իսկ երկրի նախագահն էլ հրաժարական տա:
Իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Սարի թաղում հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ոստիկանության անհամաչափ գործողությունները՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները պահանջել են մարդկանց ցրվել, այնուհետև առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ են կիրառել, որի արդյունքում մի քանի տասնյակ ցուցարարներ և որոշ լրագրողներ վնասվածքներ են ստացել:
«Ըստ հաղորդումների՝ առնվազն 14 լրագողի ուղղությամբ միտումնավոր կերպով ձայնալուսային նռնակներ նետվեցին, նրանք ծեծի ենթարկվեցին՝ նրանց կողմից իրադարձությունների լուսաբանումը ուղիղ եթերում կանխելու համար: Ավելի քան 60 քաղաքացի վիրավորվեցին և հիվանդանոց տեղափոխվեցին՝ որոնց մի մասը նռնակների պայթյունից ստացած խորը այրվածքներով»,-ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակը նաև անդրադարձել է խոշտանգումներին և դաժան վերաբերմունքին ոստիկանության կողմից, ինչպես նաև կալանավայրերում՝ նշելով, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել նման դեպքերի մասին: Զեկույցում հիշատակված են ակտիվիստ Վարդգես Գասպարիի, ինչպես նաև հուլիսյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված այլ ակտիվիստների նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքը:
Իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի վերջին հատվածում խոսվում է հղիության ընդհատումների մասին օրենքում Հայաստանի կառավարության կատարած փոփոխությունների մասին, որով արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը 12-22 շաբաթների ընթացքում:
«Նոր օրենքը սահմանում է եռօրյա ժամկետ հղիության ընդհատման մասին որոշում կայացնելու համար: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ մտավախություններ են հայտնել, որ նման ժամկետի պարտադրումը կարող է հանգեցնել կոռուպցիայի, վտանգավոր ընդհատումների և դրա հետևանքով մայրական մահացության աճի»,-ասված է զեկույցում: