Սեռերի համամասնության խախտումը կրճատվում է. Մասնագետներ
Հայաստանում սեռով պայմանավորված ընդհատումների ցուցանիշները նվազում են գրանցում, ինչի արդյունքում հանրապետությունում 2016 թվականին ծնված տղաների և աղջիկների թվի տարբերությունը կրճատվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` հավելելով, որ 2016թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է 108 տղա, ու եթե այդ միտումը պահպանվեր ամբողջ տարվա ընթացքում, ապա կունանայինք աննախադեպ արդյունք:
Սակայն, ըստ նրա, մինչև տարեվերջ այդ թիվն ավելացել է՝ հասնելով 112-ի: Այսպիսով, հետազոտության համաձայն՝ եթե նախորդ երեք տարիներին 100 աղջկա դիմաց ծնվել է 114 տղա, ապա 2016 թ-ն 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա:
«Միանաշանակ սա մեծ հաջողություն է: Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ 5 տարվա ընթացքում այս ուղղությամբ դրական փոփոխություններ են նկատվում: Ոչ մի երկիր այսքան կարճ ժամանակահատվածում նման հաջողության չի հասել»,- ասաց Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մարդիկ հասկացան՝ սելեկտիվ աբորտները և աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքը հայ ժողովրդի համար նորմալ չէ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
Գարիկ Հայրապետյանի խոսքերով՝ այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել, մշակվել են տարբեր ծրագրեր, որոնք իրենց արտացոլումը գտան նաև առողջապահության, սոցապ նախարարությունների անելիքների շարքում:
Նշենք, որ Կառավարությունն առողջապահության և սոցապ նախարարություններին հանձնարարեց մշակել սեռով պայմանավորված ընդհատումների դեմ հստակ գործողությունների ծրագիր: Արդյունքում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ իրականացվեցին:
«Ամենամեծ և կարևոր հաջողությունը նաև այն է, որ ԶԼՄ-ները խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում էին, և այսօր Հայաստանում յուրաքանչյուր չափահաս մարդ գիտի այս խնդրի մասին»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ անդրադառնալով օրենքին, նշեց՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն անթույլատրելի են: Բացի դրանից՝ այժմ կնոջը հղիության արհեստական ընդհատման համար տրվում է 3 օր ժամանակ, որպեսզի նա ևս մեկ անգամ մտածի ընդհատում կատարելու նպատակահարմարության մասին:
Ըստ Գայանե Ավագյանի՝ օրենքում կատարված փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել: Նրա խոսքերով՝ տարեցտարի հղիության արհեստական ընդհատումները նվազում են:
«Ճիշտ է նվազման միտումը մեծ չէ, բայց ժողովրդագրության մեջ մեկ նիշով նվազումը համարվում է լուրջ հաջողություն»,- ասաց Գայանե Ավագյանը:
Ինչ վերաբերում է արհեստական ընդհատումներին, ԱՆ ներկյացուցիչն ասաց, որ Հայաստանում տարեկան արձանագրվում է 40-42 հազար ծնունդ, իսկ աբորտների թիվը հասնում է 7-8 հազարի: