Լեոնարդու Ժարդիմ. «Տարբերությունը սխալների քանակի մեջ է»
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» 3։5 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։
«Առաջին հերթին՝ կասեմ, որ այդ խաղը, հնարավոր է, ամենաանհավանականներից մեկն էր այս Չեմպիոնների լիգայում։ Երկրպագուների համար դա պարզապես հիանալի է։ Վստահ եմ՝ նրանք մեծ հաճույք ստացան հարձակման գծում բարձրակարգ խաղից ու 8 գոլից։ Կարծում եմ՝ «Մոնակոն» հիանալի խաղաց, և ես ֆուտբոլիստներին արդեն շնորհավորել եմ։ Պաշտպանությունում ոչ մեծ սխալներ գործեցինք, իսկ վճռորոշը վրիպումն էր 11 մետրանոցի նշանակետից, երբ բաց թողեցինք հաշվի մեջ շատ առաջ անցնելու հնարավորությունը,- Ժարդիմի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։- Մբապեին դիրքավորեցի հարձակման գծում, քանզի գիտեինք, որ «Սիթին» պաշտպանների թիկունքում ազատ տարածություններ է թողնում, իսկ նա շատ արագաշարժ է ու շատ է շարժվում։ Համարում եմ, որ նա հիանալի հանդիպում անցկացրեց։ Տղան ընդամենը 18 տարեկան է և առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայում։ Դա նույնպես մեր ռազմավարության մի մասն է։ Տարբերությունը սխալների քանակի մեջ է, ինչը, հավանաբար, ուղղակիորեն կապված է ֆուտբոլիստների տարիքի տարբերության հետ։
Ֆալկաոն ականավոր հարձակվող է, նա կրկին ապացուցեց դա, չնայած այն բանին, որ մինչ այդ նրա գործերն Անգլիայում չդասավորվեցին։ Բայց Ագուերոն էլ համաշխարհային մակարդակի հարձակվող է։ Առջևում 90 րոպե ունենք, և այս դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ»։