Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար
Կարատեի Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են մեկ բրոնզե մեդալով: 14-15 տարեկանների մինչև 70 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Մակյանը:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ընդհանուր առմամբ գոհ է թիմից: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ Եվրոպայի առաջնության մեդալը փոքր արդյունք չէ այս մարտարվեստի համար:
Ազգային կարատեն 2016 թ. համալրել է օլիմպիական ընտանիքը: Եվ, հաջորդ տարի հայ մարզիկները փորձելու են 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ մինչ այդ պատանի կարատեիստները կպայքարեն 2018 թ. Բունոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել համար:
«Մասնակցելու ենք վարկանշային մրցաշարերի: Քայլ առ քայլ գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր»,-նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Մարտի 19-ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Արդյունքում կձևավորվի հավաքականը, որը մայիսին կմասնակցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը նշում է, որ տղաներին զուգահեռ մարզվում են նաև աղջիկները:
«Կարատեն կանացիությանը դեմ չէ: Մենք ունենք հեռանկարային աղջիկներ: Հուսանք, որ ապագայում նրանք նույնպես մեդալներ կնվաճեն»,-ասել է մարզիչը: