Դարպասապահն ու պաշտպանը որակազրկվել են` գոլերը հատուկ բաց թողնելու համար
Վիետնամի ֆուտբոլի ներքին առաջնության «Դոնգտամ Լոնգան» և «Խոշեմին Սիթի» թիմերի հանդիպման միջև տեղի ունեցած միջադեպն ավարտվել է ֆուտբոլիստներից երկուսի երկարաժամկետ որակազրկմամբ: Հանդիպումն ավարտվել է 5:2 հաշվով` հօգուտ «Խոշեմին Սիթիի», սակայն 90-րդ րոպեին` 2:2 հաշվի ժամանակ, գլխավոր մրցավարը նշանակել է 11 մետրանոց, որը «Դոնգտամի» ֆուտբոլիստներն անարդար են համարել:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, 11 մետրանոց հարվածի իրացման ժամանակ դարպասապահը մեջքով շրջվել է դեպի ֆուտբոլիստը, այդպես արտահայտելով իր բողոքը: Հաջորդ գոլերի ժամանակ պատկերը կրկնվել է: Ֆուտբոլիստներն ու դարպասապահը չեն խոչընդոտել մրցակցին` թողնելով հանդիստ գրավել իրենց դարպասը:
Արդյունքում` Վիետնամի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարով որակազրկել է դարպասապահ Նգուեն Մին Նխուտին, ինչպես նաև պաշտպան Հյուին Կուանգ Տխանին, ով հավաքականի կազմում անցկացրել է 45 հանդիպում: Բացի ֆուտբոլիստներից, պատժվել են նաև ակումբի գլխավոր մարզիչն ու նախագահը: Նրանք որակազրկվել են 3 տարով: «Դոնգտամը» նաև տուգանվել է 6,6 հազար եվրոյով: