Ուշադրության կենտրոնում կրկին ֆիզկուլտուրա առարկան է
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի հետ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերի և մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագետները: Ներկաները համակարծիք են եղել, որ մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացներն անհրաժեշտ է կազմակերպել միասնական չափորոշիչներով, որոնք պետք է պարտադիր լինեն բոլոր մարզադպրոցների համար՝ անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից:
Հանդիպման մասնակիցները նպատակահարմար են համարել նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ունենալ որակավորման բարձրացման ֆակուլտետ, որտեղ կսովորեն ոչ միայն մարզաձևերի մարզիչները, այլ նաև հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները և նախադպրոցական հաստատությունների ֆիզկուլտուրայի հրահանգիչները:
Քննարկման արդյունքում որոշվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչական ծրագրեր, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղաբաշխված մարզադպրոցների և այլ հաստատությունների մարզադահլիճների փաստացի վիճակն ուսումնասիրելուց հետո մշակել և ներկայացնել դրանց վերակառուցման ներդրումային ծրագրեր: