Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Շնորհավորում եմ մեր քաջ զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր իրենց ամենօրյա անձնվեր ծառայությամբ պաշտպանում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բոլոր նրանց, ովքեր օրհասական պահին կանգնում են սահմանը պահող զինվորի կողքին և իրենց անգնահատելի մասնակցությունը բերում հայրենիքի պաշտպանության գործին:
Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր զինվորներին` ամուր ոգի եւ անփորձանք ծառայություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին