Ամփոփվում է կրթության որակի շաբաթը Հայաստանում
Կրթության որակի շաբաթը Հայաստանում կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագիրը կրող երկօրյա համաժողովով։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկած որակի շաբաթվա ընթացքում քննարկման հիմնական թեմաներն են դարձել ուսանողների խնդիրները, ինչպիսի ուսուցում են ակնկալում ստանալ և թե կրթական գործընթացներում որքան են ներգրավված գործատուները։
Այսօրվա համաժողովի ընթացքում մասնավորպես անդրադարձ կատարվեց հայաստանյան պետական և ոչ պետական բուհերում անցկացվող կլաստերային աուդիտի գործընթացին։
Լրագրողների հետ զրույցում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում կլաստերային աուդիտը և որքանով դրական ազդեցություն ունենա որակի ապահովման վրա. «Մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Ուստի առաջարկվում է նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը, ինչպես նաև նույն կրթական ծրագրերն ունեցող բուհերի միջև համեմատության հնարավորություն կլինի, կունենանք համեմատական մի վերլուծություն և ավելի թափանցիկ կդարձնենք դաշտը։ Ըստ առաջարկվող ծրագրի` կլաստերային աուդիտը պարտադիր պետք է լինի բոլոր բուհերի համար: Յուրաքանչյուր կլաստերում ուսումնասիրություն կիրականացվի 4 չափանիշներով` մասնագիտության կրթական ծրագրերի գնահատում, դասավանդում և ուսումնառություն, դասախոսական կազմ և ռեսուրսներ, որակի ապահովում»:
Թոփչյանի խոսքով` կլաստերային աուդիտը կխթանի մասնագիտությունների խոշորացմանը և հավատարմագրման ծախսերի կրճատմանը։
Նա հավելեց նաև, որ առաջնահերթ կհավատարմագրվեն այն մասնագիտությունները, որոնք ուսանողների ավելի շատ մեծ ծածկույթ ունեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները