Միայն միասնական ուժերով կարելի է վերջ տալ այն ամենին, ինչը կոչվում է քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն. Լ. Ալավերդյան
«Խնդիրը զուտ քաղաքական դաշտում, հարթակներում չի լուծվում: Խնդիրը չի լուծվում միայն դատական հարթակներում: Միայն միասնական ուժերով կարելի է վերջ տալ այն ամենին, ինչը կոչվում է քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն: Սա է Ադրբեջանի կեցվածքը սկսած 1918-20 թվականներից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Սումգայիթի ջարդերի մասին:
Նա նշեց, որ որևէ պետություն, միջազգային կազմակերպություն, մինչ այսօր չի դատապարտել, որևէ սանկցիա չի կիրառել Ադրբեջանի դեմ: Լ. Ալավերդյանը համոզված է, որ Հայաստանը պետք է տասնապատիկ ուժեղացնի իր աշխատանքը, ընդգծեց, որ սփյուռքն այն ռեսուրսն է, որ մինչ օրս չի օգտագործվել:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի խոսքով, Հայաստանի իրավաբանական հանրությունը, համապատասխան մարմինները պետք է պատասխանեն այն հարցին, որը տալիս են նախ և առաջ սումգայիթցիները, բաքվեցիները, ավելի քան 300 բնակելի վայրից բռնի տեղահանված հայերը՝ արդյո՞ք երբևէ Հայաստանի կողմից կներկայացվի իրավական փաթեթ, քանի որ կան այնպիսի հանցագործություններ, որոնք չունեն վաղեմության ժամկետ:
«Եթե Հայաստանի իշխանությունները, պատկան մարմինները, իրավաբանական հանրությունը, ակադեմիական շրջանակները չվերցնեն այդ խնդիրն իրենց վրա ու չտան այս ամեն ինչին իրավական գնահատական, քաղաքական գնահատականը չի տրվելու»,- ասաց Լ. Ալավերդյանը: