Վինեյ Սալդանա. Հայաստանն արդյունավետորեն է պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ
«Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանն առանձնանում է ՄԻԱՎ վարակի դեմ արդյունավետ պայքարով։ Դրա վկայությունն է, որ Հայաստանն աշխարհի այն 4 երկրներից մեկն է, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արժանացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հավաստագրի»:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան:
Նաև հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանում առաջիններից մեկը կլինի, որ, առաջնորդվելով ԱՀԿ-ի վերջին ուղեցույցներով, 2017 թվականից կսկսի բուժում տրամադրել ՄԻԱՎ-ով ապրող բոլոր անձանց:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում շարունակվում է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ արձանագրվել։ Մինչդեռ շատ երկրներում հիվանդության տարածման անկում է գրանցվում, մահվան դեպքերը նվազագույնին են հասցվում։ Եվ 2016 թվականից շեշտը դրվում է ոչ թե հիվանդության դեմ պայքարի, այլ վարակը կասեցնելու վրա։
Նախարարը և տարածաշրջանային տնօրենը պայմանավորվել են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ նրանց հետ համագործակցող միջազգային կառույցների և աշխարհում ճանաչված դեղարտադրող ֆիրմաների հետ իրականացնել ներդրումային ծրագրեր, մասնավորապես` դեղարտադրության և գնումների ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում ԱՀԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի ձեռքբերումները
- Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խոցելի խումբը մնում են աշխատանքային միգրանտները. Ժան-Էլի Մալկին
- Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն է. Փաստեր հիվանդության վերաբերյալ