Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը։
ՊՆ մամուլի ծառայության հաղարդմամբ՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից։
Անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին՝ Վիգեն Սարգսյանը արժևորել է թե գրասենյակի և թե ընդհանրապես կազմակերպության դերակատարումը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, ընտրական համակարգի արդիականացման և մարդու իրավունքների բարելավման գործում։
Շեշտելով, որ Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ հետ հիմնված է արժեքների և սկզբունքների հիման վրա, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից գրասենյակի գործունեության կասեցման և ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման և լարվածության թուլացմանն ուղղված կազմակերպության ջանքերի ակտիվացման, կազմակերպության հեղինակության պահպանման անհրաժեշտությունը, հույս հայտնել, որ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը կհանգուցալուծվի ԵԱՀԿ և Հայաստանի շահերին համապատասխան։
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության մեխանիզմների շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան