Արոնյանը միավորը կիսեց մրցաշարի առաջատարի հետ
Շարժայում տեղի են ունենում ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Ինչպես և նախորդ 4 տուրերում, այս անգամ ևս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բավարարբել է ոչ-ոքի արդյունքով: Սև խաղաքարերով նա միավորը կիսել է մրցաշարի առաջատար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 2 ժամ տևած պարտիայի 43-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 5-րդ տուրի 9 պարտիաներից երեքն ունեցել են հաղթական ավարտ. Ալեքսանդր Գրիշչուկն առավելության է հասել Պավել Էլյանովի, Մայքլ Ադամսը`Յոն Լյուդվիգ Համմերի, Դմիտրի Յակովենկոն` Ալեքսանդր Ռևազանցևի նկատմամբ:
Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը: 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը: