Հովհաննես Գաբուզյան. «Հավաքականի կազմում մշտական տեղ ունենալը բարդ է»
Հայաստանի շախմատի տղամարդկանց 2017 թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի համար մրցաշրջանի մեկնարկը հաջող էր: Հայ գրոսմայստերը, ով հունվարին կայացած Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկային 5 տուրերում վաստակել էր ընդամենը 1,5 միավոր, հետագայում իր մեջ ուժ գտավ շտկելու իրավիճակն ու վերջին տուրում, տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը, հռչակվեց չեմպիոն` ընդգրկվելով Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում:
Panorama.am-ի հետ զրույցում Գաբուզյանը վերհիշեց Հայաստանի առաջնությունը, ինչպես նաև պատմեց Իրանում կայացած միջազգային մրցաշարերի ու հետագա պլանների մասին:
Հովհաննես Գաբուզյան.- Մինչ Հայաստանի առաջնության մեկնարկը լավ նախապատրաստվել էի և հույս ունեի` հաջող հանդես գալու, սակայն մեկնարկն անհաջող ստացվեց և ինչ-որ մի պահ վերջին հորիզոնականում էի: Լարվածությունը մի կողմ դրեցի ու սկսեցի անկաշկանդ խաղալ: Արդյունքը` տեսանելի է:
Panorama.am.- Արդեն Հայաստանի չեմպիոնի կոչմամբ մեկնեցիր Իրան` մասնակցելու «Սաբալանի» և «Ֆիրդուսի գավաթի» խաղարկություններին: Առաջինում 5-րդ տեղը գրավեցիր, իսկ կայծակնային շախմատում դարձար չեմպիոն, ի՞նչը չստացվեց 2-րդ մրցաշարում (21-րդ տեղ):
Հովհաննես Գաբուզյան.- Ընդհանուր առմամբ` երկու մրցաշարերում էլ հոգնածությունը զգացնել տվեց: Երևի ճիշտ կլիներ հանգիստ վերցնել, թեև չեմ դժգոհում: Անհաջող մրցելույթներն ինչ-որ տեղ սխալների վրա աշխատելու լավ հնարավորություն են ստեղծում:
Panorama.am.- Ի՞նչ են տալիս այս կարգի միջազգային մրցաշարերը:
Հովհաննես Գաբուզյան.- Սովորաբար, նման մրցաշարերը կրում են կոմերցիոն բնույթ և սահմանվում են տարբեր մրցանակներ:
Panorama.am.- Այդ դեպքում` Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ օփենը», որը գաղտնիք չէ, մրցանակային մեծ ֆոնդ ունի, ինչո՞ւ չես մասնակցում:
Հովհաննես Գաբուզյան.- Ինչպես արդեն նշեցի, հանգստի կարիք ունեմ: Իսկ նման պայմաններում սխալ կլինի մասնակցել նման ուժեղ մրցաշարի:
Panorama.am.- Տարվա մեկնարկն արդեն տրված է, հասցրել ես մասնակցել մի շարք մրցաշարերի: Կգնահատե՞ս այս 2 ամիսների քո աշխատանքը: Գո՞հ ես, թե՞ կարող էիր անել ավելին:
Հովհաննես Գաբուզյան.- Շախմատային տեսանկյունից գոհ եմ, սակայն պատրաստվում եմ շեշտը դնել ֆիզիկական պատրաստականության վրա: 2-3 ամսվա դադարից հետո կմասնակցեմ Մինսկում կայանալիք տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությանը:
Panorama.am.- Հայաստանի շախմատի հավաքականում արդեն ունե՞ս քո հստակ տեղը, թե՞ մրցակցությունը մեծ է:
Հովհաննես Գաբուզյան.- Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում գտնվում եմ` որպես Բարձրագույն խմբի հաղթող, իսկ մշտական տեղ ունենալը շատ դժվար է ու բարդ, պետք է ունենալ բարձր վարկանիշ և կայուն խաղ ցուցադրել: Բնականաբար, մրցակցությունը մեծ է ու շատերը պայքարում են` շարունակ բարելավվելով իրենց վարկանիշը: