Քաղաքական օրակարգի հարց դարձնելը մեր խնդիրն է. Լարիսա Ալավերդյան
«Պետական մակարդակով քաղաքական հիստերիա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես գնահատեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի քայլը՝ քրեական գործ հարուցել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոհարիսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ, դիմում ուղարկել Ինտերպոլին՝ միջազգային հետախուզում հայտարարարելու համար:
Նշենք, որ նրանք Արցախի սահմանադրական հանրաքվեում դիտորդական առաքելություն էին իրականացնում:
Նրա խոսքով, Ադրբեջանի այդ քայլը միայն ու միայն խոսում է այն մասին, թե ինչպես է բարբարոս Ադրբեջանի ձեռքում խեղաթյուրվում միջազգային իրավունքը:
«Նրանք ուզում են ցույց տալ, որ օգտագործում են միջազգային մեթոդներ, սակայն այդ մեթոդները բարբարոսի ձեռքում անպայման տանում են բարբարոսություն»,- հավալեց Լ. Ալավերդյանը:
Նրա կարծիքով, հայկական կողմի նախաձեռնությամբ այս հարցը պետք է բարձրացվի ԵԽ-ում. «Քաղաքական օրակարգի հարց դարձնելը մեր խնդիրն է: Չպետք է սպասենք, որ նրանք լինեն նախաձեռնողները: Սա մեր խնդիրն է, բոլոր դեպքերում մեր հարևանն է: Հայերը հերթական անգամ հայտնվել են քաղաքակրթական բախման առաջին գծի վրա»:
Ասուլիսին ներկա «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանի այդ քայլն ավելի շատ ցուցադրական, քարոզչական բնույթ ունի:
«Նրանք բոլորն էլ գիտակցում էին, երբ գալիս էին Արցախ: Սակայն մենք չգիտենք, թե Ադրբեջանի այդ քայլն ինչ ազդեցություն կունենա ԵԽ-ի մյուս պատգամավորների վրա՝ կգան Արցախ, թե ոչ»,- նշեց նա՝ ճիշտ համարելով, որ նրանք հարցը բարձրաձնեն հենց Եվրախորհրդարանում:
«Կարելի է սպասել նրանցից՝ իմանալով իրենց սկզբունքայնությունը, իրենց ով լինելը: Կարող եմ ենթադրերլ, որ այդ հարցը կարող է բարձրացվել: Այդ դեպքում Ադրբեջանի այդ քայլն հենց իր դեմ դուրս կգա»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախ այցելելը քրեականացնելը սպառնում է ՌԴ ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը. Դենիս Դվորնիկով
- Շավարշ Քոչարյան. Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում
- Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել