«Սումգայիթը» դարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայից ժառանգած քաղաքականության դրսևորում. Մ.Գրիգորյան
««Սումգայիթ»-ը՝ որպես քաղաքականության դրսևորում, մտածվել, կազմակերպվել, իրականացվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից, իսկ Սովետական միության պետանվտանգության կոմիտեն ընդամենը լուռ համաձայնություն էր տվել, ըստ այդմ նաև աջակցել այդ հանցագործության կատարմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը:
Նա նշեց, որ նման եզրակացության է եկել յոթ տարվա աշխատանքի արդյունքում. «Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի կողմից իրականացվող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակում յոթ տարվա ընթացքում Սումգայիթը մեր ամենակարևոր թեմաներից մեկն է եղել, ստեղծել ենք վավերագրական ֆիլմ, լույս են տեսել գրքեր՝ Սումգայթի ականատեսների վկայություններով, թողակվել են ձայնասկավառակներ՝ միջազգային հանրությանը ճշմարտությունը հասցնելու համար:
Մեր յոթ տարվա աշխատանքի ընթացքում, երբ հավաքեցինք ու թվայնացրեցինք բացառիկ տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր, մենք եկանք այդ եզրակացությանը, որը պատրաստ ենք ապացուցել տարբեր ատյաններում»:
Նա հիշեցրեց, որ Սումգայիթ քաղաքում, որը Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորության վրա էր գտնվում, 1988 թվականի փետրվարի 27-29-ն անընդմեջ անարգելք տանջամահ էին անում, սպանում, այրում կողոպտում, բռանաբարում, տարհանում հայերին: Մ. Գրիգորյանը նշեց, որ այդ օրերին ոչ ադրբեջանական, ոչ էլ սովետական կենտրոնական իշխանությունները չէին միջամտում, որևէ կերպ չէին փորձում կանգնեցնել. «Երեք օր անց քաղաք մտավ զորքը, սակայն առանց միջամտելու հրամանի, դատարկ փամփուշտներով»:
Մ. Գրիգորյանի խոսքով, պաշտոնական տվյալներով սպանվել է 27 հայ, մոտ 100 վիրավոր, հայերի մոտ 200 ջախջախված բնակարան:
«Սակայն այս տվյալները շատ հեռու են իրականությունից»,- ընդգծեց նա:
Մ. Գրիգորյանն ասաց, որ Սումգայիթում կատարվածի վերաբերյալ կան բազմաթիվ փաստաթղթեր, վկայություններ, լուսանկարներ, հարուցվել էին քրեական գործեր, դատական պրոցեսներ էին տեղի ունեցել, հանցագործները դատապարտվել էին, սակայն մի քանի ամիս ազատ արձակվել:
Նա նշեց, որ Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո այն վարկածը շրջանառության մեջ դրվեց, ըստ որի Սումգայիթը Ադրբեջանի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի փետրվարի 20-ին ընդունած որոշմանը՝ ԼՂ ինքնավար մարզի խորհուրդը դիմել էր Հայաստանին և Ադրբեջանին՝ մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով:
«Սակայն ունենք բազմաթիվ վկայություններ այն մասին, որ այդպես չէ: Համոզված ենք, որ «սումգայիթը» որպես քաղաքական դրսևորում դարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայից ժառանգած և սովետական ամբողջ 70 տարվա ընթացքում վարվող խտրականության, էթնիկ զտումների, անպատիժ սպանությունների, հայաթափման քաղաքականության դրսևորում: Եթե սովետական տարիներին այդ քաղաքականությունը վարվում էր քողարկված ձևով, ապա 1988 թվականի փետրվարին Սումգայիթում այդ քաղաքականությունն ընդունեց բացեբաց և ցուցադրական բնույթ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթի զոհերի հարազատները մեր երկրում չունեն սոցիալական հատուկ պաշտպանվածություն. Լարիսա Ալավերդյան
- Ադամ Շիֆ. Սումգայիթյան ջարդերը պատահականություն չէին
- «Սումգայիթում եղել է ցեղասպանություն, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կոնվենցիայի պարզաբանմանը»
- Մ.Գրիգորյան. «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքաշարի 2-րդ հատորը հզոր հարված է ադրբեջանական քարոզչությանը
- «Սումգայիթյան ոճրագործությունը շատ լավ պատրաստված էր պետական մարմինների կողմից» (տեսանյութ)
- «Ադրբեջանն ու Թուրքիան ժխտում են Սումգայիթի ու Հայոց ցեղասպանությունները` հանցագործությունը հավերժացնելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան