Արցախ այցելելը քրեականացնելը սպառնում է ՌԴ ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը. Դենիս Դվորնիկով
«Հիստերիա»: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի քայլը՝ քրեական գործ հարուցել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոհարիսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ, դիմում ուղարկել Ինտերպոլին՝ միջազգային հետախուզում հայտարարարելու համար:
Նշենք, որ նրանք Արցախի սահմանադրական հանրաքվեում դիտորդական առաքելություն էին իրականացնում:
«Արցախում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հարևան երկրին խիստ նյարդայնացրել է: Բայց ես միանշանակ վստահ եմ, որ Ինտերպոլը նման դիմում չի ընդունի, քանի որ կլինի վտանգավոր նախադեպ ամբողջ աշխարում: Բացի այդ, Ինտերպոլում հարգում են իրենց ազատ ժամանակը և աշխատանքը, քանի որ եթե ստեղծվի մեկ նախադեպ, ապա աշխարհում բոլոր վիճելի տարածքների հետ կապված նմանատիպ դիմումներ կստանան: Քաղաքական հարց է»,- ասաց Դենիս Դվորնիկովը:
Նա նշեց, որ Ադրբեջանի նման քայլն ավելի շուտ ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու, որ իշխանությունն ինչ-որ կերպ ազդում է Արցախում անցկացված հանրաքվեի վրա:
Դենիս Դվորնիկովը հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի խոսքերը, որ անընդունել է արգելել որևէ տարածք այցելելը:
«Նա հստակ ասաց, որ Արցախ կարելի է գնալ»,- ասաց ռուս հրապարակախոսը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ի վերջո կզզվեցնի նաև միջազգային կազմակերպություններին, ինչպես զզվեցրել է Լավրովին:
«Արցախ այցելելը քրեականացնելը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը: Դա շատ կարևոր պահ է»,- ընդգծեց նա՝ նշելով Ղրիմի, Կուրիլյան կղզիների հարցը: