ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով
2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»: Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը հանրության դատին կներկայացվի մարտի 5-ին:
«Ծրագիրն արդեն հաստատվել է և կուսակցության նախընտրական քարոզչությունը կանցկացվի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում քննարկել են ՀՀԿ քարոզչական փաթեթի հետ կապված հարցեր, կուսակցությունը նաև որոշել է իրականացնել ակտիվ քարոզարշավ: ՀՀԿ-ն, ըստ նրա, կօգտվի ընդունված բոլոր միջոցներից:
Նրա խոսքերով՝ քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը»:
«Մեզ համար Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը: Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացուն հուզող խնդիր է, և մենք՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, որի համար անվտանգությունը կարևոր արժեք է, պետք է պահպանենք մեր ազգային անվտանգությունը, քանի որ առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ ոլորտներում զարգացումներից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: