2-րդ տուրը հաջող էր Մանուել Պետրոսյանի համար
Մոսկվայում տեղի են ունեցել «Աերոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնի 2-րդ տուրի պարտիաները: «A» խմբում հանդես եկող մեր 4 շախմատիստներից միայն Մանուել Պետրոսյանն է հաղթանակ տոնել: Սերգեյ Մովսեսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվել են:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, երկու տուրից հետո «A» խմբում աղյուսակը գլխավորում են Մաքսիմ Մատլակովը, Իլյա Սմիրինն ու Մաթիաս Բլուբաումը, ովքեր վաստակել են 2-ական միավոր: Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը: Մանուել Պետրոսյանը վաստակել է 1 միավոր, Տիգրան Հարությունյանը` 0.5, իսկ Հայկ Մարտիրոսյանը դեռ միավոր չի վաստակել:
«B» խմբում Տիգրան Քոթանջյանն ու Արման Միքայելյանը վաստակել են 2-ական միավոր և ընթանում են առաջատարների խմբում: «C» խմբում առաջատարների խմբում է ընթանում 2 հնարավորից 2 միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը: