Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Ամերիկահայ գրող, ակտիվիստ «Ոչ մի տեղ. Աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հետ, ով իր ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում:
Աստվածատրյան-Տուրկոտը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում հայկական հարցերի և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման ուղղությամբ 2012թ.-ից ի վեր. նա հանդես է եկել դասախոսություններով, հրապարակումներով և այլն: Աննան նշում է, որ այն ժամանակ, երբ նոր էր սկսել այս ուղղությամբ աշխատանքներ տանել, նրան շատ զարմացնում էր այն փաստը, որ հայկական սփյուռքում շատերը տեղյակ չէին Լեռնային Ղարաբաղի իրականության և Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի մասին: Բայց մի քանի գործոններ բարձրացրեցին սփյուռքում Լեռնային Ղարաբաղի մասին իրազեկության մակարդակը, այդ թվում` ապրիլյան պատերազմը, միջազգային կազմակերպություններում հակահայկական բանաձևերի ընդունմանն ուղղված Ադրբեջանի ակտիվ ջանքերը, Հայաստանի զարգացող տուրիզմի ոլորտը և այլն: Այս առումով նա բարձր է գնահատում սփյուռքի կազմակերպությունների տարած աշխատանքը` ԱՄՆ կոնգրեսականներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին դիմելու հարցում:
«Հայկական սփյուռքը պետք է Լեռնային Ղարաբաղի խնդրին տրամադրի առնվազն նույնքան ուշադրություն, որքան ցեղասպանության խնդրին, քանի որ արցախյան հակամարտությունն ընթանում է այսօր, կան զոհեր և տուժողներ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Մենք պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք այս փաստի վրա», – ասում է Աննան:
Անդրադառնալով իր ընտանիքի պատմությանը` Աննան պատմում է, որ 1915թ.-ին իր պապիկը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որից հետո տեղափոխվել է Բաքու և այնտեղ ականատես է եղել 1918թ.-ի հակահայկական ջարդերին: Այնուհետև իր ընտանիքը, որը ապրում էր Բաքվում, ականատես է եղել 1980-ականների և 1990-ականների Բաքվի ջարդերին: Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը արդյունքում կորցրել ամեն ինչ:
«Այս դեպքերը պատահել են երեք անգամ մի ընտանիքի՝ ընդամենը 100-ամյա պատմության ընթացքում: Եվ այսպիսի պատմությունները բազմաթիվ են» - ասում է Աննան:
Պատմելով մանրամասներ այն մասին, թե ինչպես են տեղի ունեցել Բաքվի ջարդերը 1990թ.-ին` Աննան ասում է, որ բոլոր գործողությունները նախօրոք պլանավորված էին, քանի որ ադրբեջանցիներն ունեին հայերի տների հասցեները և հերթով գալիս էին նրանց հետևից: Աննայի ընտանիքը հազիվ է կարողացել փախչել Բաքվից, բայց նա պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները սպանել իր հարևաններին, ովքեր չէին հասցրել ժամանակին հեռանալ:
Նրա կարծիքով, այս շղթային վերջ դնելու միակ տարբերակն այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ընդունեն իրենց պատմությունը, որ դատապարտեն այդ գործողություններն ու դրանք իրականացնողներին՝ հետևելով Գերմանիայի օրինակին (թե ինչպես է այն դատապարտել հոլոքոստը և փոխհատուցել դրա համար):
Հայտնելով իր կարծիքը ներկայումս Ադրբեջանում տիրող հայատյաց մթնոլորտի մասին՝ Աննան ասում է, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը չի փոխվել այս տարիների ընթացքում, այլ ընդհակառակը՝ էլ ավելի է խստացել:
«Ադրբեջանում մեծացել է մի սերունդ, որը հայերի երբեք չի տեսել և չի շփվել, և ամբողջությամբ ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ է: Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հետևանքով հայերը ներկայացվում են դպրոցական դասագրքերում, հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով որպես վայրենի թշնամիներ: Իսկ ադրբեջանցիների ավագ սերունդը, ում հետ հայերն ապրում էին կողք կողքի և ովքեր դեռ ունեն լավ հիշողություններ հայերի մասին, այնուամենայնիվ նույնպես զոհ են գնում ադրբեջանական քարոզչությանը և վախենում են արտահայտել հակառակ կարծիքը կամ խաղաղության կոչեր անել», - ասում է Աննան՝ հույս հայտնելով, որ ադրբեջանցիները կարթնանան և կգիտակցեն, որ նրանք իրենց կառավարության վարած քաղաքականության զոհն են»:
Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ Աննան նշում է, որ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է պահպանել իր այս կեցվածքը, հակամարտության լուծումը իրատեսական չէ:
«ՀՀ-ի և Արցախի սահմենները պետք է պաշտպանված լինեն անկախ նրանից, թե ադրբեջանցիները ինչ են խոստանում բանակցությունների ժամանակ: Մենք պետք է իրատեսորեն գնահատենք Ադրբեջանի գործողությունները: Նրանք մասնակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին, բայց վերադառնալով իրենց երկիր՝ իրենց ժողովրդի մոտ քարոզում են բռնություն հայերի հանդեպ», – ասում է Աստվածատրյան-Տուրկոտը՝ նշելով, որ հայկական կողմը ինչպես հարկն է ներկայացնում է այս ամենը միջազգային հանրությանը, և որ սփյուռքը իր հերթին այս ուղղությամբ շատ աշխատանքներ ունի անելու: Նրա կարծիքով՝ պետք է մեծ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի լուծվի սահմանային միջադեպերի կանխարգելման հարցը և հստակ արձանագրվի, թե որ կողմն է խախտում հրադադարը:
Աննան նաև կոչ է անում սփյուռքահայերին, որպեսզի նրանք հաճախ այցելեն Արցախ: Նա մի քանի անգամ արդեն եղել է Արցախում և նորից է պատրաստվում գնալ՝ ներկայացնելու այնտեղ իր գրքի ռուսերեն տարբերակը, որը վերջերս է լույս տեսել:
«ՀՀ-ում և Արցախում ապրող ժողովուրդը արտասովոր է, նրանք արժանի են մեր ժամանակին, հարգանքին և օգնությանը: Սփյուռքում շատերս ենք աջակցում Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը և ջանքեր ենք գործադրում, որպեսզի Հայաստանը զարգանա՝ չնայած բոլոր դժվարություններին», – եզրափակեց իր խոսքը ամերիկահայ գրող Աննա Աստվածատրյան-Տուրկոտը:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Աստվածատրյան-Տուրկոտը հերքել է ադրբեջանական մամուլի՝ իր դեմ ուղղված ապատեղեկատվությունը
- Բակո Սահակյանը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան