Լոքյանը համայնքապետերին հորդորեց` այս կամ այն քաղաքական ուժերին արջի ծառայություններ չմատուցեն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Երևանում անցկացվող Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի ժամանակ դիմելով համայնքապետերին՝ հորդորեց ընտրությունների ժամանակ արջի ծառայություններ չմատուցեն:
«Ես կուզենամ, որ դուք առաջիկայում էլ կարողանաք ձեր կարևորությունը պահեք: Համապետական ընտրությունների ժամանակ համայնքապետերը պետք է այնպիսի դիրքում լինեն, որ առջի ծառայություններ չմատուցեն այս կամ այն քաղաքական ուժերին»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Նախարարը նշեց նաև, որ լրագրողները իրենից հետաքրքրվել են՝ արդյոք ճիշտ են այն լուրերը, թե համայնքներում գումար են բաժանում. «Ես ասացի, որ չեմ հավատում, քանի որ դժվար է այսօր այդպիսի բանին հավատալ, եթե համոզված չես: Ես կուզենամ, որ մեր համայնքապետերը զերծ մնան այս խեղաթյուրված ընտրական պրոցեսներից և արժանապատվորեն, իրենց քաղաքական հայացքներով գնան ընտրությունների: Եւ եթե կողմնորոշելու են իրենց համայնքի մարդկանց, ապա անեն քաղաքական հստակ ձևակերպումներով և ծրագրերով»:
Նշենք, որ համաժողովից առաջ լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե լուրեր են շրջանառվում, որ գյուղերում տարբեր կուսակցությունների կողմից ընտրակաշառքներ են բաժանում, արդյոք նախարարը տեղյա՞կ է այդ մասին, Դավիթ Լոքյանը նշեց, որ ինչ կարգի խոսակցություններ ասես այսօր շրջանառվում են և այդ խոսակցությունները փակել հնարավոր չէ:
«Դրա համար գոյություն ունեն համապատասխան մարմիններ, ընտրական հանձնաժողովներ, քաղաքական ուժեր, որոնք պետք է կարողանան համատեղ կասեցնել այդպիսի պրոցեսները»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ դա խնդիր է բոլոր քաղաքական ուժերի համար, այդ թվում՝ Դաշնակցության:
«Այդ երևույթը ընդունելի չէ և ամենաառաջինը համայնքապետերը, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, պետք է թույլ չտան»,- ընդգծեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարը: