Խորհրդային տարիների գրաքննության հետևանքով Մինաս Ավետիսյանի մահվան օրը նշվել է այսօր
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան և Պետական մրցանակների դափնեկիր Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է: Սակայն, իրականում, նա մահացել է փետրվարի 23-ին:
«Մահվան օրը երեկ էր: Տարիներ շարունակ այդ սխալմունքը կա, շատերը հենց այդպես էլ գիտեն, որ փետրվարի 24-ին»,- Panorama.am-ին ասաց Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը:
Նա նաև բացատրեց, թե ինչու է որպես նկարչի մահվան օր պաշտոնապես նշվել փետրվարի 24-ը. «Փետրվարի 23-ը սովետական բանակի օրն էր: Ամեն ինչ իրենք ցենզուրայի էին ենթարկում: Պաշտոնապես հայտարարել էին, որ 24-ին է: Հիմարություն»:
Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և, չգալով գիտակցության, փետրվարի 24-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։
«Ինչքանով որ բացահայտված է, ինձ համար բավարար է, որ ես հասկանամ: Այլախոհ մարդկանց, պարտադիր չէ անպայման քաղաքական այլախոհություն լինի, նաև՝ լայնախոհ, ազգասեր, արվեստում ինքնուրույն մտածողություն ունեցող, վերացնում էին: «Մինասի առեղծվածը» ֆիլմում մի փաստ է արձանագրվել, որ Մոսկվայի կողմից այդպիսի որոշում կար՝ բոլոր հանրապետություններում նման մարդկանց հետ այդպես վարվելու: Այդ սիստեմի համար ի վերջո անընդունելի բան էր այլախոհության ցանկացած դրսևորում, պարտադիր չէր բառացի հակասովետական: Այսինքն բավարար էր այդ սիստեմի մեջ չտեղավորվել, արդեն իրենց համար ռեալ վտանգ էր»,- ասաց Նարեկ Ավետիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին լրանում է Մինաս Ավետիսյանի 90-ամյակը, Ազգային պատկերասրահում կազմակերպվելու է անհատական ցուցահանդես, լույս է տեսնելու նոր պատկերագիրք: Շուտով սկսվելու են նախապատրաստական աշխատանքները:
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար: Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում,Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի: Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում: «Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։
1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից
«Մինասի առեղծվածը» (մաս 1)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին