Կանանց չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվում է
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի են ունեցել շախմատի աշխարհի կանանց առաջնության կիսաեզրափակչի առաջին պարտիաները, որոնք հաղթական ավարտ են ունեցել: Տան Չժունչին խաղի միջնամասում ստացել է թեթև առավելություն և, աստիճանաբար մեծացնելով այն, խաղի 43-րդ քայլին ստիպել է Հարիկա Դրոնավալիին անձնատուր լինել: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Կիսաեզրափակչի մյուս պարտիան ունեցել է շատ ավելի հետաքրքիր և դրամատիկ ընթացք: Աննա Մուզիչուկի հետ սկզբնախաղում Ալեքսանդրա Կոստենյուկը ստացել է մեծ առավելություն և պարտիայի 19-րդ քայլին շահել զինվոր: 40-րդ քայլից հետո, երբ կողմերին ավելացվել է 30-ական րոպե խաղաժամանակ, Կոստենյուկը չի գտել դիրքում ուժեղագույն շարունակությունը: 56-րդ քայլին նա կոպիտ վրիպում թույլ տվել և մի քանի քայլ անց անձնատուր եղել:
Կիսաեզրափակիչ փուլի պատասխան պարտիաներում Դրոնավալին և Կոստենյուկը փորձելու են ամեն գնով հասնել հաղթանակի: Աշխարհի չեմպիոնուհու կոչման համար պայքարի դուրս եկած 64 շախմատիստուհիներից շարունակում են տիտղոսին հավակնել 4-ը: