Վարդան Ասատրյանը տապալել է ադրբեջանցի մարզիկին ու բարձրացրել Արցախի դրոշը
Մերձմոսկովյան Խիմկի քաղաքում անցկացվող «Fight Nights» խառը մենամարտերի մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակչում Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին:
Առաջին ռաունդի ավարտից 55 վայրկյան առաջ մրցավարը դադարեցրել է մենամարտը, քանի որ Ասատրյանի հարվածներից հետո ադրբեջանցի մարզիկն անօգնական վիճակում է հայտնվել: Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ է դուրս բերել Արցախի դրոշն ու պահել այն գլխավերևում:
«Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք` հաղթանակի հասնելու համար»,- մենամարտից հետո ասել է հայ մարզիկը` միևնույն ժամանակ մրցաշարի պրոմոուտերին հրավիրելով Հայաստան` եզրափակիչ խաղին ականատես լինելու:
Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբերին Ասատրյանը նույնպես ծածանել էր Արցախի դրոշը, որից հետո ադրբեջանական պատվիրակությունը դիմել էր մրցույթի կազմակերպիչներին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Վարդանի դեմ: