Հին մեխանիզմն այլևս չի գործելու, եթե համայնքները նախաձեռնող չլինեն՝ չեն ֆինանսավորվելու. Դավիթ Լոքյան
Տեղական ինքնակառավարման ոլորտում ունենք բավականին մեծ հաջողություններ, կայացած համայնքներ, որտեղ ինքնուրույնությունը, ազատությունը բավականին մեծ սահմաններում են: Այս մասին այսօր Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքերով՝ եթե մեր երկրում չունենանք լավ համայնքներ, ապա չենք ունենա լավ տեղական ինքնակառավարում և լավագույն ծառայություններ:
«Մեր երկիրը բազմաթիվ դժվարություններ կրելով՝ պաշտպանության, սոցիալական ոլորտի, չի փորձում սեղմել, նեղացնել համայնքային բյուջեները, բայց ձեզ հետ միասին ունենք բազմաթիվ պրոբլեմներ: Մենք սեփական եկամուտների մասին բացարձակապես թյուր վերաբերմունք ենք ցուցաբերում և մտածում ենք, որ կարելի է այսպես ապրել ևս 1 տասնամյակ՝ ունենալով 30 մլն-ի դրամի չափ բյուջե, դրանով որոշակի ծառայություններ մատուցել կամ չմատուցել, աշխատակիցներ ընդունել, աշխատավարձ տալ և մշտապես դժգոհ մնալ երկրից, տվյալ համայնքում դժգոհ պահել ժողովրդին»,- նշեց Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ սա փաստ է՝ համայնքապետերի մեծամասնությունը շատ մեծ դժվարությամբ է փորձում մեծացնել իր սեփական եկամուտները:
Նախարարի խոսքերով՝ փաստ է նաև այն, որ համայնքներն իրավամբ ունեն ռեսուրսներ, երբ համայնքապետը ցանկանում է, կարողանում է մեծացնել համայնքի բյուջեն:
«Ես հասկանում եմ ձեզ, դուք ընտրվող մարդիկ եք, ունեք հարաբերություններ ձեր բնակչի հետ, դուք ունեք ամենօրյա շփում այդ մարդկանց հետ, բարեկամական, հարազատական և այլ կապեր, բայց մենք պետք է կարողանանք սա հստակ հասկանալի դարձնել մեր քաղաքացիներին, որպեսզի ձեր գործը հեշտանա, իսկ եթե ոչ, դուք շարունակելու եք տասնամյակներով մի քանի կոպեկ պետական դոտացիա ստանալ, մի քանի կոպեկ սեփական եկամուտներ ստանալ, որոնք պետական դոտացիայից շատ ու շատ անգամ պակաս են, և այդպես գոյատևել ու մշտապես դժգոհության մեջ պահել համայնքի ժողովրդին»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Նախարարի կարծիքով՝ համայնքների միությունն այն հարթակն է , որն առաջիկայում պետք է այս խնդիրները քննարկի, դրանք, ըստ նրա, պետք է ինքնակամ լուծում ունենան համայնքների կողմից:
Դավիք Լոքյանը հայտնեց, որ կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ համայնքին օժանդակություն և այլ միջոցներ տրամադրելու են՝ նայելով, թե տվյալ համայնքը ինչպիսի նախաձեռնություններ է ցուցաբերում: Եթե համայնքը չունի նախաձեռնություն, չունի տեսլական, չի ուզում քաղաքացիների համար ծառայություններ մատուցել, ապա, ըստ նախարարի, բնականաբար, կառավարությունը չի ֆինանսավորի:
«Մենք սկսել ենք այդ պրոցեսը, մենք միջոցներ ունենք, որոնք ուղղվելու են համայնքներ, եթե համայնքը նախաձեռնություն է ցուցաբերում: Չի լինելու հին մեխանիզմը: Դուք բոլորդ առաջիկայում մարզպետների մասնակցությամբ կառավարությունում ներկայացնելու եք որոշակի խնդիրներ, մենք պետք է հասկանանք ձեր մասնակցությունն այդ խնդիրներում և անպայման օժանդակելու ենք»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Նախարարը նշեց, որ հաճելի չէ, երբ նման միջացառմանը ինքը նման տոնայնությամբ է խոսում, բայց երբ փորձում են դիտարկել համայնքների ծախսերը, կանգնում են հետևյալ խնդրի առաջ: Օրինակ, ըստ Լոքյանի, երբ ուսումնասիրել և համեմատել են 10 նույնատիպ համայնքների ծախսերը, պարզել են, որ ծայրամասային համայնքի մանկապարտեզը մոտ երկու անգամ ավելի մեծ ծախս ունի, քան Երևանում գործող մանկապարտեզը 1 երեխայի հաշվով:
«Երկու նպանատիպ քաղաքներ, որոնք բնակչության թվով տարբերվում են 1000-1500-ով, մի քաղաքում աղբահանության գումարները 5 անգամ ավելի մեծ են, քան մյուսինը: Սա թույլատրելի՞ է»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը:
Նշենք, որ Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին ներկայացվեց Միության վերջին հինգ տարիների գործունեության, Միության ռազմավարության և աշխատանքային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը, Կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, որն այնուհետ կհաստատվի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից:
Ընդհանուր ժողովի ընթացքում ներկայացվելու են նաև 2016-2020 թթ. ռազմավարությունն ու 2017 թ. աշխատանքային ծրագրերը: Նախատեսված են նաև ՀՀՄ Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի կազմի ընտրություններ։