Ո՞ւմ է ընտրել Տարոն Մարգարյանը՝ հանրապետական աներորդուն, թե՞ հանրապետական ընկերոջը
«Պետք է հասկանանք՝ արդյո՞ք աշխատանքի ժամին է դա տեղի ունեցել, թե՞ աշխատանքից հետո, երբ որ հասկանանք աշխատանքի ժամին, թե աշխատանքից հետո՝ այդ ժամանակ նոր քայլեր կձեռնարկենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որևէ քայլ ձեռնարկել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 38 մանկապարտեզի տնօրենին պատժելու համար:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ թիվ 38 մանկապատեզի տնօրեն Սեդա Հակոբյանը՝ Արման Սահակյանի կինը, իր ենթակայությամբ աշխատող մարդկանց հրահանգում է, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում:
Դիտարկմանը, թե մինչ օրս չե՞ն ուսումնասիրել, քաղաքապետը պատասխանեց. «Այո, դեռ չենք պարզել»:
Հարցին, թե տեղեկություններ կան, որ համայնքապետերն իրենց լծակներն օգտագործում են, արդյոք քաղաքապետն այս առումով որևէ վերահսկողություն իրականացնում է, Տարոն Մարգարյանը նշեց, որ պետք է ամեն ինչի մասին փաստերով խոսել:
«Մենք էլ ենք շատ բան լսում այլ ուժերի հետ կապված: Թաղապետերը կուսակցական են, երբ սկսվի քարոզարշավը և նրանք ցանկանան քարոզչությանը մասնակցել, ապա օրենքով սահմանված կարգով նրանց հնարավորություն կտանք մասնակցել»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ քաղաքապետը գործի է դրել իր ողջ վարչական ռեսուրսները Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ռոբերտ Սարգսյանին՝ իր աներորդուն, պատգամավոր դարձնելու համար:
Նշենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվել է նաև Միհրան Պողոսյանը:
Հարցին, ինչ հարաբերություններ ունի Մ.Պողոսյանի հետ և արդյոք այս շրջանում լարվածություն կա, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես և Միհրան Պողոսյանը ընկերներ ենք և երկար տարիներ ենք ընկերներ և կուսակցական թիմակիցներ ենք, իսկ առաջին ընտրատարածքում ՀՀԿ-ից 12 ռեյտինգային թեկնածու է մասնակցելու և, բնականաբար, կուսակցությունը 12-ին էլ պաշտպանում է:
Հանրապետականներն իրենք իրար դեմ չեն մրցակցում: Այն կարծիքը, որ ձևավորվել է, և մամուլը փորձում են Սարգսյան Ռոբերտ-Պողոսյան Միհրան մրցակցություն վերագրել, ես կողմնակիցը չեմ, որ դա մրցակցություն վերագրեն, քանի որ երկուսն էլ հանրապետական կուսակցությունից են, երկուսն էլ մեկ թիմից են և միասին մրցակցելու են այլ քաղաքական ուժերի դեմ»:
Դիտարկմանը, թե դժվար չի լինի կուսակից ընկերների մեջ ընտրություն կատարել, քաղաքապետը նշեց. «Ընտրությունները բոլորի համար անձնական գաղտնիք է և ես իմ ընտրությունը կկատարեմ»: