9 ուժերից մոտավորապես կեսը բարիերը հաղթահարելու հնարավորություն ունեն. Մարկարով
«Ընտրություններին մասնակցող քաղաքական 9 ուժերին պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն՝ անդրադառնալով նախընտրական գործընթացներին:
Մարկարովը առաջին խմբում դասակարգեց օրվա իշխանություն կազմող քաղաքական ուժերին, որոնք հավանականություն ունեն հաղթահարելու համապատասխան շեմը. դրանք են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:
«Երկրորդ պայմանական խումբն այն ուժերն են, որոնք կազմում են ընդդիմություն, միաժամանակ ունեն հարաբերականորեն բարձր շանսեր՝ համապատասխան շեմը հաղթահարելու համար: Այս խմբի մեջ կարելի է դասել երեք հիմնական ուժերի՝ «Ծառուկյան», «Ելք» դաշինքներն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությանը»,-ասաց Մարկարովը:
Նրա խոսքով՝ երրորդ խմբի մեջ են ՕՐՕ-ն ու ՀԱԿ-ը, այն քաղաքական ուժերը, որոնք պայքարելու են շեմը հաղթահարելու համար և միաժամանակ հանդես են գալիս որպես ընդդիմություն:
«Վերջին խմբում են նրանք, որոնց մոտ շեմն անցնելու հավանականությունը փոքր է, բայց մասնակցելու են ընտրություններին ներկայացնելու իրենց ծրագրերը, դիրքորոշումները, բայց ցածր դերակատարություն են ունենալու: Այս խմբի մեջ են կոմունիստները ու «Ազատ դեմոկրատները»,-ասաց Մարկարովը՝ նշելով, որ այս 9 ուժերից մոտավորապես կեսը բարիերը հաղթահարելու հնարավորություն ունեն: