Զուրաբյան. Ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրել կաշառքի դիմաց
«Ընտրողների ցուցակների հրապարակումը լուծում է 500-600 հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը, ինչը նշանակում է , որ կես մլն ձայն կեղծելու հնարավորությունից ու ազատությունից մենք զրկել ենք իշխանությանը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Նա կարևորեց նաև 2000 տեղամասերից 1500-ում տեսախցիկների տեղադրումը, որը ծածկում է ընտրողների 93 տոկոսը:
«Ըստ էության, սրանք շատ քիչ են հնարավոր դարձնում, կարելի է ասել, համարյա անհնար են դարձնում, տեղամասերում ընտրակեղծարարությունը, նկատի ունեմ ուրիշի փոխարեն քվեարկությունը»,-ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով, վերահսկման նման մեխանիզմների ներդրումը բերել է մեկ այլ խնդրի. «Բարձրացել են ընտրակաշառքի դրույքաչափերը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ չունի վերջին ապաստանը՝ տեղամասում կեղծելը, հիմա հասկանում են, որ խնդրի լուծման միակ երաշխավորը ընտրակաշառքն է: Իսկ կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Այդ շուկան բարգավաճում է»:
Իրեն հասած լուրերով, ամենամեծ ընտրակաշառքը բաժանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ 100 դոլար յուրաքանչյուր քվեի համար:
Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը մտավախություն հայտնեց, որ ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրություն կատարել կաշառքի դիմաց:
«Սա շատ ծանր բան է: Մենք պետք է բացատրենք հասարակությանը: Նրանք պետք է հասկանան, որ այդ քայլով իրենք իրենց երկրի ապագան եղծում են: Ես կոչ եմ անում մեր բնակչությանը, որ գիտակցված քվեարկություն անեն, հասկանան, որ չի կարելի ապականել երկիրը: Ընտրակաշառքի հարաբերությունների մեջ մտնող մարդը պետք է հասկանա, որ նախ և առաջ ապականում է իր ընտանիքը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ստյոպա Սաֆարյան. Մի պահանջեք ուրիշից 30 հազար դրամ, իսկ մեզանից լավ երկիր
- Կաշառք առաջարկող քաղաքական ուժն անելիք չունի մեր պետության ճակատագրի հետ. Մանե Թանդիլյան
- Թող տպավորություն չստեղծվի, թե ընտրակաշառքը բաժանելու են մարշուտնիների մեջ. Ոստիկանության պաշտոնյա
- Ապագա ընտրակաշառքների գները հասնելու են ընդհուպ մինչև 100 ԱՄՆ դոլարի. «Ժողովուրդ»
- Մարդիկ կծիծաղեն, որ իմանան նախկին ՕԵԿ-ը, հիմա՝ ՀՎԿ-ն ընտրակաշառք է բաժանում. Հեղինե Բիշարյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին