Սերգեյ Մովսեսյանն առաջատարներին զիջում է կես միավորով
Մոսկվայում շարունակվում է շախմատի «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարը: Տեղի են ունեցել 3-րդ տուրի պարտիաները: «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվել են:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 3-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են 2.5-ական միավոր վաստակած 6 շախմատիստներ: Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 2 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը: Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 1 միավոր, Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանն իրենց ակտիվում ունեն կեսական միավոր:
«B» խմբում Արման Միքայելյանն ու Հովիկ Հայրապետյանը վաստակել են 2.5-ական միավոր և մրցաշարի 2 առաջատարներից հետ են մնում կեսական միավորով: «C» խմբում առաջատարների խմբում է ընթանում 3 հնարավորից 3 միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը: