Ինյաց. «Ընկերներիցս հետաքրքրվեցի և իմացա, որ «Բանանցում» կան լավ պայմաններ»
Երևանի «Բանանցի» շարքերն է համալրել սերբ հարձակվող Նենադ Ինյացը: 31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում` «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» և այլ ակումբներում: Նրա վերջին թիմը սերբական «Զեմունն» էր:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Նենադ Ինյացը «Բանանցին» է միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ և գոլի հեղինակ է դարձել Յուրմալայի «Սպարտակի» դեմ ստուգողական խաղում:
«Ընկերներիցս հետաքրքրվեցի և իմացա, որ «Բանանցում» կան լավ պայմաններ, կա լավ թիմ, որը խաղացել է Եվրոպա լիգայում: Հետո արդեն ինքս տեսա մարզաբազան և համոզվեցի, որ ամեն ինչ լավ է այստեղ: Փառք Աստծո, լավ ստացվեց և գոլ խփեցի «Բանանցի» կազմում` իմ առաջին խաղում:
Ինձ դուր եկավ թիմը և կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ «Բանանցի» գործերը հիմա այնքան էլ լավ չեն մրցաշարային աղյուսակում, սակայն պետք է մարզվենք, խաղանք և պայքարենք` մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասել է Ինյացը:
Հավելենք, որ Նենանդ Ինյացը ծնվել է 1985 թ. սեպտեմբերի 4-ին: Նրա հասակն է 191 սմ, քաշը՝ 88 կգ: «Բանանցում» Նենադ Ինյացը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: