Ադրբեջանի ֆուտզալի հավաքականը հրաժարվել է Հայաստանի դեմ խաղին մասնակցելուց
Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնություն, որին մասնակցում էին 10 երկրներ՝ ներառյալ Հայաստանը՝ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի կազմով: Մեր ընտրանին ընդգրկված էր Ա խմբում, ուր մեր մրցակիցներն էին Թուրքիայի, Հունգարիայի, Ճապոնիայի և Իրանի սիրողական ֆուտզալի հավաքականները:
«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականը շատ հաջող ելույթներ է ունեցել՝ գրանցելով 2 վստահ հաղթանակ Թուրքիայի (10-2) և Ճապոնիայի (3-2), մեկ ոչ-ոքի Իրանի (4-4) և ընդամենը 1 պարտություն` Հունգարիայի (1-4) հավաքականների դեմ:
Ամփոփոլով մեր մասնակցությունը սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը՝ «Ֆուտզալ Բիզնես Լիգայի» պաշտոնական կայքը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանի հետ:
«Քանի որ առաջին անգամ էինք մասնակցում սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը, ելնելով արդյունքներից կարող եմ ասել, որ մեր ելույթները գնահատում եմ շատ լավ: Թող չհնչի որպես արդարացում, բայց մեզ հիմնականում չբավարարեց ուժերը վերականգնելու պրոցեսը, քանի որ, ինչպես տեղյակ եք, մենք մեկ օրվա ընթացքում երկուական հանդիպումներ էինք անցկացնում»,- ասել է մարզիչը:
Խմբային փուլն ավարտելուց հետո պետք է տեղի ունենար Հայաստան-Ադրբեջան հանդիպումը` 5-6-րդ տեղերի համար, բայց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղին մասնակցելուց: Մարզչի խոսքերով` իրենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էին, որ խաղին պատրաստ են և ամբողջովին տրամադրված սպասել են մինչ այն պահը, երբ իրենց հայտնել են, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին:
»Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի պատրաստվածության մակարդակը Նահապետյանը գնահատել է բավարար և խոսել առաջիկա ծրագրերի մասին:
«Դեռ աշխատելու տեղ ունենք և անպայման շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք: Ծրագրում ենք ավելի հաճախականացնել մարզումները, աշխատել բացթողումների վրա, շտկել թերությունները: Մեծ աշխատանք ունենք կատարելու: Կցանկանամ նշել, որ ֆուտզալն արդեն ճիշտ ուղու վրա է Հայաստանում, ինչն արդեն շատ կարևոր է: Այսօր մենք արդեն ունենք լուրջ մասնագետներ, ովքեր անում են հնարավորինը` ֆուտզալի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար, ինչի վառ ապացույցը «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարերի կազմակերպումն է թե՛ Երևանում, թե՛ մարզերում, որոնց մասնակից թիմերի քանակը գնալով ավելի է աճում, ինչը շատ ողջունելի է»,- ասել է Նահապետյանը: