Վաղը նշվելու է Բուն Բարեկենդանը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին փետրվարի 27-ին նշելու է Բուն Բարեկենդանին: Qahana.am գրում է, որ սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Արրատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 14.00-ին` Ս. Պատարագի ավարտին, Բուն Բարեկենդանի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները նախաձեռնել են տոնախմբություն, որը քայլերթով կմեկնարկի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից:
Դիմակներով, դհոլահարների, ձիակառքի ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, երգուպարով Մաշտոց պողոտայով մասնակիցները կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ տոնախմբությամբ կնշվի Բուն Բարեկենդանը:
Թեմի երիտասարդաց միությունների անդամները տոնին բնորոշ ուտելիքներ կհյուրասիրեն, կկազմակերպեն ազգային խաղերի մրցույթներ: Տոնախմբությանը կմասնակցեն Երևանի վարչական շրջանների պարի ու դհոլահարների, ազգագրական երգի-պարի, թատերական խմբերը, երիտասարդաց միությունները, ուսանողներ ու եկեղեցական համայնքների անդամներ: