Յուրա Մովսիսյանը գրավել է «Ալաշկերտի» դարպասը
«Ալաշկերտն» Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրել է իր վերջին միջազգային հանդիպումը, որում մրցել է ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարներից մեկի՝ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որի կազմում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը: Նա ընդգրկված էր մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել է մեկ խաղակես:
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» լրատվության բաշինը, արդեն 8-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը բացել է հաշիվը: Աչքի է ընկել Դմիտրո Խովբոշան: Խաղակեսի եզրագծում հաշիվը հավասարվել է: «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստները ճեղքել են «Ալաշկերտի» պաշտպանությունը. Արսեն Բեգլարյանը հետ է մղել առաջին հարվածը, սակայն վրա հասած Յուրա Մովսիսյանը գնդակն ուղարկել է ցանցը՝ 1:1:
Խաղի վերջին վայրկյաններին մրցակիցը կարողացել է նաև հաղթանակ կորզել: Չադ Բարրետը, ով մինչ այդ էլ բավական ակտիվ էր գործում, մեն մենակ է դուրս եկել Արսեն Բեգլարյանի դեմ և խփել հաղթական գնդակը՝ 2:1:
Այսպիսով`Հայաստանի չեմպիոնի ամերիկյան հավաքն ավարտվեց և «Ալաշկերտը» փետրվարի 26-ին կվերադառնա հայրենիք: