Մոուրինյոն առաջարկել է «Լեսթերի» մարզադաշտն անվանել Ռանյերիի անունով
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջարկել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիի» մարզադաշտն անվանել Կլաուդիո Ռանյերիի անունով, ում ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ է արել: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
«Նա արժանի է, որպեսզի «Լեսթերի» մարզադաշտը վերանվանվի «Կլաուդիո Ռանյերի Սթեդիում»: Ինքս էլ «Չելսիում» պաշտոնանկ եմ եղել` չեմպիոնի կոչմամբ, սակայն դա համեմատելի չէ ներկայիս իրավիճակի հետ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ռանյերին պաշտոնանկ է եղել փետրվարի 23-ին: Նա «Լեսթերը» գլխավորել է 2015 թ. ամռանը: Նորամուտի տարում թիմը պատմության ընթացքում առաջին անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն: Իտալացի մասնագետը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2016 թ. լավագույն մարզիչ:
Ընթացիկ մրցաշրջանում «Լեսթերի» գործերը հաջող չեն ընթանում: 25-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: