Աշոտ Բարսեղյան. «Թիմը պատրաստ է առաջնության վերսկսմանը»
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմն ավարտում է կիպրոսյան ուսումնամարզական հավաքը։ Ակումբի լրատվական բաժնի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը խոսել է ստուգողական վերջին խաղի, անցկացված հավաքի և թիմի պատրաստվածության մակարդակի մասին։
«Անցկացրինք ուսումնամարզական հավաքի մեր հերթական հանդիպումը։ «Սպարտակի» մինչև 21 տարեկան թիմի ֆուտբոլիստները շատ լավ տպավորություն թողեցին։ Առաջին խաղակեսում գոլ բաց թողեցինք։ Կենտրոնացվածության պակաս կար: Ընդհանուր առմամբ` առաջին խաղակեսում մրցակիցը տարածքային առավելություն ուներ։
Արդեն երկրորդ խաղակեսում խաղադաշտում կամք թելադրողը մենք էինք։ Կարողացանք գոլ խփել։ Հույս ունեինք, որ կհաղթենք այս խաղում։ Ամեն դեպքում` նման խաղերում արդյունքն ինձ այդքան էլ չի հետաքրքում։ Կարևորն այն է, որ տղաները կարողացան երկրորդ կեսում խաղը վերցնել իրենց ձեռքը և գոլ խփել։
«Յուրաքանչյուր հավաք ծառայում է իր նպատակին։ Մեզ համար շատ կարևոր էր բարձրակարգ թիմերի հետ խաղալը։ Մենք տեսանք, թե ինչ ուժ ունենք, ինչի ենք ունակ։ Հասկացանք, որոնք են մեր ուժեղ ու թույլ կողմերը։ Հիմա թիմն արդեն պատրաստ է առաջնության վերսկսմանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, ներդնենք մեր բոլոր ուժերն ու հնարավորությունները, որպեսզի լավ արդյունք ապահովենք»,- ասել է Բարսեղյանը: