Արթուր Հարությունյան. «Եթե մեր հայրենակիցները ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք»
Փետրվարի 27-ին Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար, որն օլիմպիական վարկանշային է: Միաժամանակ կընթանա նաև Հայաստանի բաց առաջնությունը: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում պատմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը:
«Մեր լեռնադահուկորդների համար սա լավ հնարավորություն է` սեփական հարկի տակ օլիմպիական միավորներ վաստակելու համար: Հրավիրել ենք աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Հայաստանի առաջնությունից հետո մեր լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա: Այնտեղ կմարզվեն և կմասնակցեն վարկանշային մրցաշարերի:
Եթե կարողանան միավորներ հավաքել` իրավունք կստանան մասնակցել նաև աշխարհի գավաթի խաղարկությանը: Դահուկավազորդները մի փոքր ավելի ուշ կսկսեն իրենց մարզումները, քանի որ այժմ մասնակցում են աշխարհի առաջնությանը: Դահուկավազքում մի փոքր ֆինանսական խնդիրներ կան, բայց գոնե մեկ-երկու մարզիկ կմասնակցի միջազգային մրցաշարերին»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Արթուր Հարությունյանը նշել է նաև, որ դահուկային սպորտի ֆեդերացիայում մի քանի նոր մարզաձևեր են ընդգրկվել` սնոուբորդ, ֆրիսթայլ և արագընթաց վայրէջք: Նպատակը` Հայաստանում ձմեռային մարզաձևերի մասսայականացումն է:
«Ցանկանում ենք զարգացնել նաև Օլիմպիական այս մարզաձևերը: Կապի մեջ ենք արտասահմանում մեր մի քանի հայրենակիցների հետ: Եթե նրանք ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք: Հայաստանում կան սնոուբորդով զբաղվողներ, բայց դեռ փոքր տարիքի են»,- ասել է Հարությունյանը: