Կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի մյուս մասնակիցը հաղթեց Արմագեդոնով
Իրանում տեղի են ունեցել կանանց շախմատի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները, որոնք ընթացել են բավական լարված պայքարում: Եթե Ալեքսանդրա Կոստենյուկ-Աննա Մուզիչուկ զույգում վերջինս առավելության էր հասել 2 պարտիայում և նվաճել էր եզրափակչի ուղեգիր, ապա Հարիկա Դրոնավալի-Տան Չժունչին զույգը կիսաեզրափակիչն ավարտել էր 1-1 հաշվով և հաղթողը կպարզվեր թայ-բրեյքով։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
25 րոպե + յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով խաղացվել է 2 պարտիա՝ կրկին 1-1 ավարտով։ Նշանակվել են 10 րոպե + 10 վայրկյան հավելումով պարտիաներ։ Շատ լարված պայքարում շախմատիստուհիները կրկին պայքարն ավարտել են 1-1 հաշվով՝ ստիպված լինելով շարունակել պայքարը 5 րոպե + 3 վայրկյան հավելումով ժամանակակարգով։ Կրկին ոչ ոքի։
Խաղարկվել է Արմագեդոն, ըստ որի սպիտակներին տրվում է 5, իսկ սևերին 4 րոպե ժամանակ, ընդ որում սպիտակները պետք է պարտադիր հաղթեն, քանի որ անգամ ոչ ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սևերին։ Տան Չժունչին ընտրել է սև գույնը, հաղթել և նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ կհանդիպի Աննա Մուզիչուկին։