Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում միջազգային մրցաշարի կմասնակցի
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 23-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում` գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ: Հայ ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարին և Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, գլխավոր մարզիչը հավաքին հրավիրել է 30 մարզիկների: Նրանք հատուկ ֆիզպատրաստվածություն են անցնում և մարզվում են գորգի վրա: Հավաքը կտևի մինչև մարտի 8-ը, իսկ հաջորդ օրը հավաքականը կմեկնի Թուրքիա` մասնակցելու միջազգային մրցաշարին:
Թուրքիայում Հայաստանը ներկայացուցիչ կունենա բոլոր քաշային կարգերում: Մարզիչներն ընտրել են առաջին համարներին` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահիկ Թամրազյան (86 կգ), Շամիր Աթյան եւ Գեորգի Կետոեւ (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125) կգ:
Հավաքականի մարզչական շտաբում Արմեն Մկրտչյանի հետ աշխատում են Հաբեթնակ Կուրղինյանը և Էդգար Ենոքյանը: Նրանց օգնում է նաև Միհրան Ջաբուրյանը: