Մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է նետաձգության Հայաստանի առաջնությունը
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է նետաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 77 մարզիկ: Նրանք մրցել են 18 մետր մրցատարածությունում: Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր են դարձել. տղամարդիկ` Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան, կանայք` Հայկուհի Մարգարյան, Իրինա Գրիգորյան, Մերի Խաչատրյան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը տարեցտարի ավելանում է:
«Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է եկել 77-ը, ինչը մարզաձևի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատաքի արդյունքն է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվել է ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 և 194 հանրակրթական դպրոցներում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցել են այս առաջնությանը:
Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակսություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են և մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին»,- տեղեկացրել է Բորիս Վասիլյանը: