Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից 3 տարի անց, Հայաստանն ու Եվրամիությունն այսօր համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ:
«Ազատության» Բրյուսելի թղթակցի հաղորդմամբ, փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի առաջիկա մայիսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.
«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:
Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել նաև ոլորտային համագործակցության առումով` ստորագրելով փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը:
Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները»:
Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից առանձնացել են աշխուժությամբ, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-ԵՄ բանակցությունները
- Բանագնացները շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը. Դեսպան Սվիտալսկի
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Գարեգին Մելքոնյան