ԼՂ հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝ միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական հանգուցալուծում. Տուսկ
Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը տարածել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Հայտարարության մեջ ասված է.
«Ուրախ եմ այսօր ողջունել Նախագահ Սարգսյանին Բրյուսելում:
Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միության կարևոր գործընկերը, որի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք:
Ուրախ եմ այսօր հայտարարել, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի շուրջ բանակցությունների ավարտը:
Նոր համաձայնագիրը կընդլայնի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով համաշխարհային, քաղաքական և տնտեսական նոր հետաքրքրությունները, որոնք մենք կիսում ենք, և նաև առկա մարտահրավերները, որոնց ցանկանում ենք միասնաբար դիմակայել:
Մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, և բնապահպանության ոլորտներում, ստեղծել առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ և, նաև ընդլայնել շարժունությունը՝ ի շահ մեր քաղաքացիների:
Այսօր քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, ներառյալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հանձնառությունը, որոնք հանդիսանում են նոր Համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքը:
ԵՄ-ն արդեն հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրային գործընկերը, առաջին միջազգային դոնորն ու բարեփոխումների ամենահզոր աջակիցը: Մեր նպատակն է հետագա տարիների ընթացքում ավելի ընդլայնել առկա հարաբերությունները, և քաջալերում ենք Հայաստանին շարունակել բարեփուխումները տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի և մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ինչպես նաև ազատ և արդար ընտրություններն ապահովող միջացառումների ուղղությամբ:
Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ստատուս-քվոյի պահպանումն անբեկանելի է: Հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝ միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական հանգուցալուծում: Այն չունի ռազմական լուծում: ԵՄ-ն շարունակում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության ջանքերին և նրանց կողմից ներկայացվող առաջարկներին:
Պարո՛ն Նախագահ,
Անչափ շնորհակալ եմ Բրյուսել կատարած այցի, Ձեր բոլոր ջանքերի և մեր համագործակցության համար»:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները
- Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ
- Հայաստանը չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան